Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործը չէ․ Էդմոն Մարուքյան

Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործը չէ․ Էդմոն Մարուքյան

Ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետություններ չեն զբաղվել, ուստի Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործը չէ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին խնդիր է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ։

Նախևառաջ կրկին հիշեցնում եմ, որ ոչ մի ներքին հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ չեն զբաղվել։ Նկատի ունեմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան տասնամյակներ շարունակ բանակցել են այդ հարցի շուրջ: Այժմ ԵՄ-ն նույնպես զբաղվում է այդ գործով։ Ուստի Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործը չէ

Երկրորդ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները 70 տարուց ավելի ներքին խնդիր չէին համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, քանի որ միջազգային հանրությունը դասեր է քաղել ավերիչ համաշխարհային պատերազմից, և որ որևէ բռնապետի կամ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդի չի կարելի թույլ տալ մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնել: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ: Այսպիսով, միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել հարցի խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների միջև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ»,- գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published.