Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել. ԱՆ

Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև` սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ:

Ի՞նչ է «Կապիկի ծաղիկը»

Այն վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի որոշ  երկրներում:

Վիրուսը փոխանցվում է կա՛մ վարակված կենդանու կծելուց, կա՛մ վայրի կենդանու միսն ու մորթին օգտագործելուց, հազվադեպ՝  մարդու կամ վիրուսով բաղարկված նյութի հետ շփումից: Վիրուսն օրգանիզմ է թափանցում վնասված մաշկի, շնչառական ուղիների կամ լորձաթաղանթների (աչք, քիթ, բերան, սեռական ուղի) միջոցով:

Գաղտնի շրջանը  5-21 օր է,
Ախտանշանները` տենդ, սաստիկ գլխացավ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, ցավ մեջքի շրջանում, մկանացավ, արտահայտված թուլություն:
Տենդի սկզբից 1-3 օր անց ի հայտ է գալիս ցանավորումը, որը սկսվում է դեմքի շրջանից, ապա տարածվում մարմնի տարբեր հատվածներում:

Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում,  շատերը վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում  կարող է հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան (մահաբերությունը 0-11%):

Ապացուցվել է, որ նախկինում բնական ծաղիկի դեմ կատարված պատվաստումը 85 %-ով արդյունավետ է նաև «Կապիկի ծաղիկ» հիվանդության համար։ Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված երկու պատվաստանյութ օգտագործվում է այս հիվանդության դեմ:

Ինչպե՞ս կանխարգելել
Լինել իրազեկված
Պահպանել ձեռքերի հիգիենայի կանոնները
Բացառել ցանավորում ունեցող անձանց հետ շփումը
Աֆրիկա  ճամփորդելիս  կամ այնտեղից վերադարձած անձի հետ շփումից  հետո մաշկի  ցանավորման և այլ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել վարակաբանի:

 

Leave a Reply

Your email address will not be published.