ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան

ՄԱԿ–ի միջազգային դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը. Փաշինյան

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի` երեկ կայացրած որոշումը չափազանց կարևոր է։ Կառավարության նիստի մեկնարկին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կայացված որոշմանը։
Երեկ հայտնել էինք, որ միջազգային դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է։ Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ։ Ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում` այլ հարց է, սակայն սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` երկրորդ կարևոր հանգամանքն էլ այն էր, որ դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար` ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Ըստ Փաշինյանի, դատարանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը երկու ուղղությամբ, և այն պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։
Ըստ էության` դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է։ Փաշինյանը նշեց նաև, որ դատարանը հստակ արձանագրեց ԼՂ միավորի գոյությունը` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Leave a Reply

Your email address will not be published.