Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը

Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող էջը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մրցանակի ոգեշնչման աղբյուր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի վավերագրումն է, որն ամփոփում և ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Երևանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն արդեն ներկայացված է «Մատյան մարդասիրաց» ձեռագրում, որը  կցուցադրվի Մատենադարանի Քարտեզների սրահում մինչև 2024 թ. մայիսի 24-ը:

«Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատմությունը մարդկային բարոյական սխրանքների պատմություն է: Բավական է նշել Հովհաննես Հուսյան Վարդապետի անունը, որը Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր ձեռագրերին զուգահեռ փրկել էր նաև բազում մարդկային կյանքեր: Նաև այս իմաստով է, որ Մատենադարանը համարվում է մարդասիրական արժեքների հաստատություն և խորհրդանիշ»,- ասել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: «Ամենևին պատահական չէ նաև, որ բացառիկ մի նախագիծ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, իր ստեղծման օրից իսկ որպես հիմնական գործընկեր էր ընտրել Մատենադարանը: Համատեղ նպատակի դրսևորում էր նաև «Մատյան մարդասիրաց» ձեռագրի ստեղծումը, որին մասնակից են նաև պատանիները: Ստեղծագործաբար յուրացնելով հումանիստական արժեքների կոնկրետ իրականացման պատմությունները, ճանաչելով բարոյական սխրագործությունները մարմնավորող անհատներին՝ նրանք կամա թե ակամա, գիտակցորեն թե անգիտակցաբար ձևավորում են աշխարհի օրինակելի քաղաքացու կերպար և յուրահատուկ բարոյական կոդեքս: Ուրախ ենք այս նախագծի հաջող ամփոփման համար և շնորհակալ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ շուրջ մեկ տասնամյակ արդյունավետ համագործակցության համար»:

Սա առաջին ձեռագիրն է, որն ստեղծվել է Մատենադարանում 21-րդ դարում՝ պահպանելով հայ մատենագրության ավանդույթները: Այն ներկայացնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ընդգծելով «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների  մարդասիրական առաքելությունը: Ձեռագիրը պատմում է ոգեշնչող մարդասիրության, անձնվիրության և բացառիկ խիզախության մասին, ինչը ներկայացվում է յուրօրինակ պատկերազարդմամբ: «Ավրորայի» յոթ դափնեկիրների տիտղոսաթերթիկներն ու ամփոփիչ՝ Ավրորա  Մարդիգանյանի հուշակոթողին  նվիրված էջը նկարազարդել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաները:

Ավրորա Մարդիգանյանին նվիրված երախտագիտության հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն: Քանդակի ետին հատվածում կլինեն կանայք գաղթի ճանապարհին և Ավրորան՝ նրանց հետ: Իսկ դիմային հատվածում կլինի Մարդիգանյանի կերպարը՝ նրանցից առանձնացած, փրկված և լուսավորված:

«Ոգեշնչված այդ խիզախ հայուհու պատմությամբ՝ ինձ համար պատիվ էր ստանձնել նրան նվիրված հուշակոթողը կերտելու գործը: Այս քանդակը զուտ մեկ անձի պատմության ներկայացում չէ, այն Ավրորա Մարդիգանյանի և Հայոց ցեղասպանության դժոխքով անցած յուրաքանչյուր հայի պատմության մասին է»,- ընդգծել է հուշակոթողի հեղինակ Վիգեն Ավետիսը: «Այն ստեղծելիս ես քանդակի մեջ ամբողջացրել եմ այդ փխրուն կնոջ և համաշխարհային պատմությունը: Հուշակոթողն ունի երկու կողմ՝ բառի բուն և փոխաբերական իմաստով: Մի կողմում Ավրորան է և այն դժոխքը, որի միջով անցան նա ու հայ ժողովուրդը, մյուս կողմում փրկության լույսն է: Ի վերջո, Ավրորայի պատմությունը նաև հույսի մասին է. նա կարողացավ փրկվել»:

Leave a Reply

Your email address will not be published.