«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել». այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:
Դեսպանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։
Անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին Իրանի դիրքորոշման կապակցությամբ։
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է. «Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։