Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել․ Պատգամավոր

Պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել․ Պատգամավոր

44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանին զիջեց/հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի, Ակնայի շրջանները, Շուշին, ադրբեջանցիներն Արցախի` այդ պահին հայկական վերահսկողության տակ մնացած տարածքի շուրջ խոշոր ենթակառուցվածքային աշխատանքներ սկսեցին: Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է՝ նախ մեկնարկեց դեպի Շուշի ճանապարհը, որից մեկ տարի անց՝ արդեն երկրորդ դեպի Շուշի գնացողը, որն անցնում էր նաև թունելներով: Երկրորդ խոշոր ուղղությունը դեպի Քաշաթաղ ու այնտեղից Քաշաթաղը Քարվաճառին կապող ճանապարհներն էին, որոնց մի մասը ևս թունելներով էր կառուցվում:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը 2021-22 թթ.-ին փորձում էր իր վերահսկողության տակ անցած հայկական շրջանները միմյանց կապելու և հայկական Արցախն օղակի մեջ վերցնելու ռազմավարական խնդիր լուծել:

«2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո, վերոնշյալ ուղղություններով ենթակառուցվածքային աշխատանքներում լուրջ փոփոխություններ մտցվեցին, որոշ տեղամասերում աշխատանքի ինտենսիվությունը կա´մ կտրուկ ընկավ, կա´մ նույնիսկ դադարեց:

Իհարկե, ոչ միայն այս առումով, բայց այս հանգամանքը ևս հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ամբիցիաները նույնիսկ կապիտուլյացիայից հետո այն աստիճան ամբիցիոզ չէին, որքան 22 թ.-ի աշնանից հետո:
Ավելի պարզ ասած՝ ակնհայտորեն, պատերազմից անմիջապես հետո, Ադրբեջանը չէր ակնկալում, որ 3 տարի անց հնարավորություն կտրվի Արցախն ամբողջությամբ օկուպացնել, հակառակ դեպքում որոշ մեգապրոյեկտներ լրիվ այլ կերպ կպլանավորվեին ու կիրացվեին:
Հայաստանի կառավարչի հայտնի հայտարարություններն Արցախն Ադրբեջան հռչակելու վերաբերյալ, ինչպես նաև դրան հաջորդած քաղաքական քայլերը, տարածաշրջանում իրադրային կտրուկ փոփոխությունների բերեցին, որի հետևանքով նաև միջազգային դերակատարների դիրքորոշումներում վերանայումներ եղան:
Հետևանքը` հանձնված ու հայաթափված Արցախն է:
ՀԳ. Լուսանկարում Արցախը Հայաստանին կապող Հակարի կամուրջն է, որը վերջին շրջանում միակ հանգույցն էր մնացել, որով ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղությամբ տեղաշարժերն էր ապահովվում: Մինչև 2023 թվականն այս հատվածն ամենաակտիվ ադրբեջանական շինհրապարակներից էր, իսկ հիմա շարժն անգամներով նվազել է», – գրել է նա:

Leave a Reply

Your email address will not be published.