«Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին

«Սիներջի»-ն՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու Հովհաննիսյանի կալանավորման մասին

Վերջին օրերի աղմկահարույց կալանավորումների մասին հայտարարություն է տարածել «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը, որտեղ մասնավորապես ասված է.

«Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի և նախկին աշխատակցուհի Անի Գևորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելը ցնցել է ամբողջ բիզնես, այդ թվում նաև ՏՏ ոլորտը։ Մեր հարգարժան գործընկերների հետ պատահածը որակում ենք որպես անհամաչափ խիստ  խափանման միջոցի կիրառում և հավաստիացնում, որ մեր գործընկերներն անմեղ են։

Այսօր նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած և իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։ Հարկ է նշել, որ չկնքված  պայմանագրով որևէ ֆինանսավորում կամ առավել ևս վճարում չի կատարվել, հետևաբար պետությանը չէր էլ կարող որևէ վնաս հասցվել։ Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։ Մինչդեռ իրական վնաս՝ և՛ բարոյական, և՛ առողջական, և՛ հոգեբանական կրում են մեր գործընկերները։ Այս ամենը լրջորեն արատավորում է նաև մեր գործարար համբավը։ Մեր սահմանած նշաձողը մշտապես եղել է բարձր որակը, առողջ մրցակցությունը, միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանությունը։ Եվ այս համատեքստում ևս գործել ենք նույն սկզբունքով։

Կրկին շեշտում ենք մեր գործընկերների անհասկանալի և անհիմն կալանավորման հանգամանքը։ Արդյոք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել, երբ բազմաթիվ ծանր հանցանքների դեպքեր կան, որոնցում տնային կալանքն է կիրառվում որպես խափանման միջոց։

Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը և մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում, բայց նաև խնդրում ու պահանջում ենք փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ»։

Leave a Reply

Your email address will not be published.