Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծումը

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծումը

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանի հետ բարեկամության խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը։

«Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այս նոր կրակահերթերը տեղի են ունեցել ապրիլի 5-ին, 6-ին և 7-ին ադրբեջանական ուժերի մի շարք հարձակումներից հետո, որոնց ընթացքում Բաքվի զորքերը կրակ են բացել Հայաստանի տարածքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ապօրինի տեղակայված դիրքերից:

Մենք՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ լինի դա հայկական տարածքը պաշտպանելու համար տեղակայված մարտական դիրքերի, թե խաղաղ բնակիչների վրա, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշի մարզի Մովսես գյուղում։

Մինչ Հայաստանը ցուցաբերում է առավելագույն զսպվածություն և վերահաստատում է իր հավատարմությունը բանակցային գործընթացին, ադրբեջանական իշխանությունների այս սադրանքները, ինչպես նաև Բաքվի վարչախմբի ապատեղեկատվության ռազմավարությունը չպետք է հանդուրժելի լինեն միջազգային հանրության համար:

Այսպես գործելով՝ Ադրբեջանը հրաժարվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության առաջին հանդիպման շրջանակներում ստանձնած պարտավորություններից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր Ադրբեջանը ապօրինաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի զգալի տեղամասեր՝ օկուպացիան մանրակրկիտ փաստագրված է Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) կողմից։

Եվրոպական Միությունը պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը և դադարեցնել հայկական տարածքի օկուպացիան ՝ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»,-  ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կրակում է հայկական զինված ուժերի դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ապատեղեկատվություն տարածելով հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։

Leave a Reply

Your email address will not be published.