Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ–ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի` ՌԴ–ից քրեական տարրերի ներմուծելու մասին հայտարարությունը։
Խուրշուդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում Սոչիներից, Աբխազիայից, Կրասնոդարից ու Մոսկվայից հարյուրավոր, իսկ գուցե հազարավոր քրեական տարրեր են ներմուծվել Հայաստան։
ԱԱԾ-ից պատասխանել են, որ իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում:
«Միաժամանակ պարզաբանում ենք, որ կատարված կամ նախապատրաստվող հանցանքի վերաբերյալ կոնկրետ փաստական տվյալներ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում»,-ասված է ԱԱԾ պատասխանում:
Նշենք, որ Խուրշուդյանը ֆեյսբուքյան էջում գրել էր նաև, թե «ճշտված տեղեկություններով»` մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդեր կանանց ուղևորությունը Երևան, որպեսզի սադրանք կազմակերպեն։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ շարունակում է հետաքննել Հայաստանում 12 հազար «վագներականների» մասին լուրերը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշից: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։