Երեկ գիշեր ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
Նա նշել է. «Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել և հայհոյել են նրանց՝ մասնագիական գործունեությունը կատարելիս:
Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը. ինչը դատապարտելի է և պետք է հետևի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ՝ Էրեբունու ոստիկանապետին:
Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում:
Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երևում է անչափահաս տղայի՝ ծեծի հետևանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետևանք են»: