Ադրբեջանցիներն արդեն 50 օր է, ինչ փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից Ադրբեջանը հունվարի 28-ին կրկին ամբողջությամբ անջատեց Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը մեկ օր անց կրկին վերականգնվեց։ Շրջաններում արդեն վերսկսվել է գազամատակարարումը, որից հետո գազամատակարարումը վերականգնվեց նաև Ստեփանակերտ քաղաքում:
Այսօր արդեն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Արցախում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են վիճակագրական թարմացված տվյալներ, ըստ որի 8 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 12 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 183 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
Բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 530 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 55 հիվանդ։ Այս տնտեսական բարդ իրավիճակում 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։