Panorama.am-ը գրում է.
Գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ և արդեն անցած շաբաթ օրվանից վերսկսվել են պարապմունքները՝ 9-ից 12-րդ դասարանցիների համար: Այսուհետ դպրոցները 5-օրյայից անցնելու են 6-օրյա ռեժիմի ու շաբաթ օրը լրացնելու են ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը:
Մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան հիմնական դպրոցում գործում է թվով 5 9-րդ դասարան՝ 130 աշակերտով: Բոլոր 5 դասարաններում տեղադրված են փայտի վառարաններ: Պատասխանատուները վաղ առավոտից են հոգ տարել, որ դասարանները տաք լինեն: Մի վառարան էլ հատկացվել է ուսուցչանոցին:
«Առավոտյան 7.30 վառարանները վառել ենք , որպեսզի երախան գա ու չմրսի: հետևողական աշխատանքը տանում ենք, որպեզի վառարանները նորմալ վառվեն, իհարկե պահպանելով անվտանգության կանոնները»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանն ասել է Ստեփանակերտի հ.7 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Պողոյանը։
Մայրաքաղաքի համար 3 միջնակարգ դպրոցի նախադպրոցական մանաշենքի դասարանները հատկացվել են բարձր դասարանների աշակերտներին: Դպրոցականների համար անսպասելի էր ՝ շաբաթ օրը դպրոց հաճախելու մասին որոշումը, բայց միևյույն ժամանակ գիտակցում են , որ դա արվել է հենց իրենց համար, որ ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից:
«Անհարմարությունները շատ են, ծխին դեռ սովոր չենք, նաև այն, որ տարրական դասարաններում ենք անցկացնում դասաժամերը, բայց երևի կկարողանանք շարունակել մեր ուսումը, որպեսզի ծրագրից հետ չմնանք»,-ասել է 10-րդ դասարանի աշակերտ Մարիաննա Բաբայանը։
Գազամատակարարման խափանման կամ հովհարային անջատումների պայմաններում դասերը վերսկսելու որոշումը ճիշտ է համարում նաև ֆիզիկայի ուսուցչուհին: Աչքերը ծխից փոքր-ինչ կարմրել են, բայց է համոզված է, որ, հակառակ դժվարություններին, պետք է դիմակայել:
Մանրամասները՝ այստեղ