Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Ծնողներից չորսը վաղը կհարցաքննվեն։ Ըստ էության, մեկ շաբաթվանից որոշակիություն կմտնի մի քանի հարցերի շուրջ»,- ասաց Նորիկյանը:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։