Միջազգային պրակտիկայում կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ եկեղեցու հարկման թեման ժամանակ առ ժամանակ աշխույժ քննարկման առարկա է դառնում ինչպես հանրային կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ: Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.
«Եվ գրեթե միշտ նման քննարկումներ տեղի են ունենում պետություն-եկեղեցի առճակատումների ժամանակ:
Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկ է արվել։ Այս քայլը հիրավի կարող է պատմական դառնալ, քանի որ այն հավակնում է լինել պատմության մեջ առաջինն ու միակը, երբ քաղաքական թիվ մեկ ամբիոնից, առանց հանրային լայն, խորը և երկարատև քննարկումների, գործնական անհիմն առաջարկ է հնչեցվում եկեղեցու համար հարկային պարտավորություններ սահմանելու վերաբերյալ։
Հարկումն իր հիմքում պետության կողմից օրենքով պարտադրված և կարգավորվող հարկադրանքի ձև է։ Բայց նույնիսկ նորմատիվ իրավական հարկադրանքը կարող է բանավեճերի և հակասական արձագանքների պատճառ դառնալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի նուրբ հարցերի, ինչպիսիք են կրոնը և հավատքը:
Հայ առաքելական եկեղեցու համատեքստում, որն ակնհայտորեն գտնվում է «սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում, հարկման առաջարկը աներկբաորեն ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ որպես քաղաքական որոշում։ Այս առաջարկն ակնհայտորեն եկեղեցու նկատմամբ քաղաքական պարտադրանքի փորձ է՝ տնտեսական մեխանիզմների անհիմն կիրառմամբ։
Նման ընկալումները կարող են գագաթնակետի հասցնել պետության և եկեղեցու միջև լարվածությունը և առաջացնել հանրային լայն դժգոհություն:
Եկեղեցիների հարկումը պահանջում է ոչ միայն կրոնական կազմակերպությունների համար ֆինանսական հետևանքների, այլև ավելի լայն՝ սոցիալական, մշակութային և քաղաքական հետևանքների մանրազնին վերլուծություն: Այս հարցը պարտադրում է պետության ֆիսկալ-գանձարանային կարիքների և կրոնական ավանդույթների ու համոզմունքների հարգման հավասարակշռության պահպանում։
Սակայն, ակնհայտ է, որ քննարկման առանցքային կողմը ոչ թե բուն հարկային առաջարկն է, այլ այն համատեքստը, որում արվում է առաջարկը:
Մի բան շատ պարզ է. առաջարկ անողը գաղափար անգամ չունի, որ հանրային ընդվզումների և համընդհանուր լարվածության և հակամարտությունների ժամանակ նման անհիմն ու պատեհապաշտ առաջարկները կարող են էլ ավելի սրել առկա վիթխարի տարաձայնությունները և հանրությանն ու հավատավոր ժողովրդին համախմբել եկեղեցու շուրջ»: