Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանի հետ:
NEWS.am-ը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանից տեղեկացավ, որ հանդիպմանը ծնողներին ասվել է՝ առաջիկա օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կզեկուցեն և կասեն՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահել էին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացել էին ճանապարհը։ Կառավարության նիստի ավարտից հետո Փաշինյանը հեռացել է շենքից առանց հարազատների հետ հանդիպելու։
Նշենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին նաև Երևան-Սևան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և խոստացել պահանջը փոխանցել վարչապետին և նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչև նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։