«Մալաթիայի» տոնավաճառն այսօր էլ չի բացվելու, քանի որ խախտումները վերացնելու աշխատանքները դեռ չեն ավարտվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
«Գիշերն էլ ենք աշխատանքները տանում, որպեսզի ավարտենք: Առայժմ չենք ավարտել, բայց մոտ ենք ավարտելուն: Երբ աշխատանքներն ավարտվեն, հաջորդ օրը կբացվի տոնավաճառը»,- ասաց տոնավաճառի տնօրենը:
Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից փակվել է։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։
Տոնավաճառի աշխատակիցները փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։