Ռուսական առաջին ալիքը պարտքն ամբողջությամբ մարել է և հեռարձակումը վերականգնվել է։ Այս մասին «Ազատության» փոխանցմամբ՝ Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել է ռուսական Առաջին ալիքի՝ ОРТ-ի սփռումը Հայաստանի տարածքում: Պաշտոնական հիմնավորումը ռուսական կողմի 2.5 ամսվա պարտքն էր, հեռարձակումը դադարեցվել էր մինչև պարտքի ամբողջական մարումը։ Մխիթար Հայրապետյանն այսօր նշեց, որ 2.5 միլիոն դրամ պարտք էր կուտակվել:
Անդրադառնալով առհասարակ ռուսական հեռուստաալիքների հեռարձակմանը՝ նախարարը նշեց՝ միջպետական համաձայնագիրը առանձին դեպքերում չունի բավարար հստակություն սանկիցաներ կիրառելու համար: Այժմ քննարկվում է համաձայնագրում խմբագրական աշխատանք կատարելու հարցը:
«Այսօր մեր առաջարկները պաշտոնապես ներկայացրել ենք Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ՝ այսօր մեր Արտաքին գործերի նախարարությունը այն կներկայացնի ՌԴ ԱԳՆ-ին: Թե ինչ առաջարկներ են, հիմա կոռեկտ չեմ համարի քննարկել, ինչ փոփոխություն որ առաջարկել ենք, միտված են ապահովելու որևէ խախտման դեպքում հետևանք», – հավելել է պաշտոնյան: