Ազգային ժողովում շարունակվում է Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած 3-րդ միջնորդության քննարկումը:
Ըստ այդ միջնորդության՝ Սեյրան Օհանյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Միջնորդության մեջ հիշատակված էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվե՞լ, թե՞ ցուցում:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է այս գործով:
«Սերժ Սարգսյանի ցուցում տալու մասով կա Սեյրան Օհանյանի ձեռագրով մակագրությունը. «Կքննարկենք նախագահի հետ, կասեմ»: Ուղիղ ցուցման մասով ուղիղ ապացույց չկա, կա միայն գրությունը, իսկ ցուցմունք, այո՛, տվել է, երրորդ նախագահը հարցաքննվել է սույն գործով», – ասաց Աննա Վարդապետյանը: