Ավելի քան 1․5 ամսվա բաժանումից հետո «Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները հասել են Ստեփանակերտ: Արցախում մի խումբ ծնողներ ու հարազատներ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողի մոտ են դիմավորել Երեւանից ժամանող սաներին:
Գայանե Հակոբյանը Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքից է հասել Ստեփանակերտ, որ րոպե առաջ տեսնի դստերը, Սիլվա Հովհաննիսյան էլ թոռանը խոստացել էր անձամբ գալ ու դիմավորել:
«Հայաստանում, ճիշտ է, երեխաներին ամեն ձևի լավ նայում էին, բայց կարոտը սպանում է մարդուն: Ինչքան էլ փորձես օրդ լավ անցկացնել, միտքդ երեխայիդ հետ է: Ճիշտ է, ամեն օր խոսում էինք իրենց հետ, բայց էն չի: Հիմա չափից դուրս ուրախ ենք, որ վերջապես մեր երեխաները տուն կհասնեն»,-ասաց Գայանե Հակոբյանը:
Ստուդիայի Արցախում մնացած սաները փուչիկներով եկել էին դիմավորելու իրենց ընկերներին:
Արդեն Ստեփանակերտ հասած պարուհիներից Մարիա Ղարիբյանը նշեց, որ Վրաստանում կայացած միջազգային մրցույթում զբաղեցրել են 4-ր տեղը. «Արդեն հետ գալուց իմացանք, որ ճանապարհը փակվել է: 7 ժամ մնացինք դրսում՝ մտածելով, որ կբացվի, հետո հասկացանք, որ դեռ երկար է շարունակվելու, գնացինք հյուրանոց:
Ստուդիայի պարուսույց Լարի Ավանեսյանն էլ ասաց, որ մինչ օրս չեն կարողացել մրցույթում ունեցած հաղթանակը նշել, քանի որ Արցախում չէին: