Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց պետք է ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, դատական համակարգում էլ շատ խնդիրներ ունենք: Վերջին օրերին քննարկումներ կային, որ գլխավոր դատախազը ԱԺ էր մտել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը: Որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի տևում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի, և մարդկանց ընկալումը դրանից փոխվում է: Մարդիկ չեն հասկանում սա: Դատական իշխանության անկախության հետ կապված մենք խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս հարցերը մեզ անհանգստացնում են»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա թվարկեց, որ վերջին շրջանում աղմկոտ բացահայտումներ են եղել տարբեր ոլորներում։
«Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետեւից վազելով բռնենք: Մեր խնդիրը կոռուպցիան կանխարգելելն է»,–ասաց նա: