Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որում քննարկվել են, թե ինչպես կարող են խլել իշխանությունը այն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի ունեցած հրատապ ասուլիսում հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ալավերդիի համայնքապետի շուրջ ծավալվող գործընթացներին:
«Մասնավորապես Ալավերդու հարցը եղել է այդ քննարկված հարցերից մեկը եւ որոշում է ընդունվել, որ ահա ժամանակն է վճռական գրոհի համար, Ալավերդու համայնքապետի պաշտոնն ի վերջո ընդդիմությունից խլվի: Եւ շատ կոնկրետ որոշում է ընդունվել, որ Ալավերդիում պետք է անվստահություն հայտնեն գործող քաղաքապետին: Ես կասեի, որ այս գործունեությունը այնքան է ընդգծված բնույթ է ստացել, որ այսօր ՀՀ-ում գործում է ոչ թե ԿԸՀ այլ ընտրապատժիչ հանձնաժողով, այսինքն ԿԸՀ-ն աշխատում է ՔՊ-ի ղեկավարությամբ եւ կոորդինացիայով՝ իմ ասած այս ճնշումները գործադրելու համար: Ես նույնիսկ կասեի ռազմապատժիչ ընտրչական հանձնաժողով, որովհետեւ այս արշավին միացել է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականցնում է այդ ճնշումների կոորդինացիան, շատ դեպքերում օգտագործելով պաշտպանության նախարարության եւ ընդհանրապես բանակի ռեսուրսները այդ ճնշումները իրականցնելու նպատակով»,-ասաց նա:
Զուրաբյանը նշեց, որ այս մեթոդը միայն Ալավերդիում չի տեղի ունենում, նույն մեթոդը կիրառվել է նաև Վանաձորում՝ համայնքապետի նշանակելով քրեական դեմքի։ Նմանատիպ ճնշումները գործադրում են Վարդենիսում, որտեղ նորից ընդդիմադիր քաղաքապետ կա, իսկ Թալինում արդյունքը նրանք նոր ընտրությունների գնացին , քանի որ արդյունքն իրենց համար գոհացուցիչ չէր: Զուրաբյանի խոսքով՝ Երևանում ևս նույն պատկերն է՝ ռազմապատժիչ ղեկավարի միջոցով։
Զուրաբյանը հավելեց որ մեր երկրի անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները, այնուամենայնիվ սիրում է խոսել այն մասին, որ ունեն շատ լուրջ նվաճումներ, սակայն դա իրականում այդպես չէ:
«Տնտեսության մասին իրենց գովաբանումները կարծում եմ, որ լրիվ անհիմն են, որովհետեւ դա իրենց քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Անվտանգության եւ տնտեսության ոլորտում մեր իշխանությունը լրիվ տապալված իշխանություն է, եւ որպես հաղթաթուղթ մեր իշխանությունը միշտ ներկայացրել է իր այսպես կոչված նվաճումները ժողովրդավարության հարցում, այսինքն իբր թե Հայաստանում հարգվում է ժողովրդի կամքը, ընտրություններ են անցկացվում, ընտրություններում հաղթած մարդիկ, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչները իբր թե թույլատրվում է նրանց կառավարել եւ ղեկավարել առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններում»,- ասաց նա՝ նշելով, որ իրականում այդպես չէ:
Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին Ալավերդիում ՔՊ-ն պարտվել էր, «Ապրելու երկիր»-ը եւ ՀԱԿ-ը 50 տոկոսից ավելի մանդատ էին ստացել, հուշագիր էին կնքել եւ համատեղ կառավարում էին իրականացնում: Սակայն ավագանու ՔՊ խմբակցությունը օրերս անվստահություն էր հայտնել գործող համայնքապետին: