Կառավարությունը նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ՎԱՅՍԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՎԱՅՍԿՈ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել դռների և պատուհանների, ֆասադային կոնստրուկցիաների արտադրության համար։ Նախատեսվում է հիմնել նաև նոր ապակու փաթեթի պատրաստման արտադրամաս։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4 մլրդ դրամի ներդրում, որից 400 մլն դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչև 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 330․6 մլն դրամ: