Թուրքիայի Մարաշի Փազարջըքի շրջանում փետրվարի 6–ի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ կապված մասնագետները հանդես են եկել մեկնաբանություններով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտնել է, որ տարածաշրջանում վերջին 500 տարվա մեջ նման ուժեղ ցնցում չի եղել։ Նա շեշտել է, որ բազմաթիվ զգուշացումներ է արել սպասվող ուժեղ երկրաշարժի մասին, սակայն իրեն լսողներ չեն եղել։
Ըստ նրա, հնարավոր են ուժեղ հետցնցումներ, ուստի վթարված շենքերում ապրողները պետք է լքեն իրենց տները։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վերջին տվյալներով զոհվել է 284, վիրավորվել՝ 2328 մարդ: