Բաքվում արձագանքել են ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի, այսպես կոչված, առաջարկների վերաբերյալ։
ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների։
«Մենք հարկ չենք համարում կրկին հնչեցնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հնչեցրել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը հնչեցրել է համապատասխան առաջարկությունները և պատրաստ է առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Եթե Հայաստանը ևս լուրջ է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և այդպիսով ցույց տա առարկայական և արդյունքին միտված բանակցություններ սկսելու իր պատրաստակամությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր հարցազրույց էր տվել, որում անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել էր դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ ասելով, որ «մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»։