Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին, և միշտ պատրաստ է դրան։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունններին:
Նրա խոսքով՝ առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարել է Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ:
«Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Ինչպես գիտեք, հենց հայկական կողմն էր, որ խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին, և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Հաջիզադեն։