ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատերազմից երկու տարի անց զինվորները դեռևս մնում կացարաններում, ասաց․
«44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային։ Ավտոբեզնինը այնտեղ օգտագործվում է շինարարական աշխատանքների համար, տրակտորների համար և այլն, այն եղել է կացարանից բավականանին հեռու, բայց բերվել է կացարան»։
Խաչատրյանը ասաց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։
«Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։