«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանն է դեմ եղել, որ ՀԱՊԿ-ը տեղակայվի հայ-ադրջանական սահմանին:
«Եղել է կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա այստեղ կանգնի, Հայաստանն էլ ասել է՝ «քանի իմ ասածը չեք արել, ես դեմ եմ»: Սա ի՞նչ մոտեցում է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:
Նա կոչ արեց դադարել մոլորեցնել հանրությանը: Ըստ նրա՝ հենց Հայաստանն է առաջացնում իր անվտանգության հետ կապված խնդիրները:
«Սա է իրականությունը, որ ասում ենք, ասում են՝ «ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»: Բա չասե՞նք», – նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ռուստամյանն ընդգծեց՝ եթե իշխանությունն ակնարկում է, որ ՀԱՊԿ-ն այլևս անելիք չունի, այդ դեպքում անվտանգային նոր համակարգ ստեղծե՞լ են, որ հրաժարվում են ՀԱՊԿ-ից:
«Չենք հասկանում սրա կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է մեզ համար», – նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը: