Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է. Էրդողանը նոր տվյալներ է հրապարակել

Զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է. Էրդողանը նոր տվյալներ է հրապարակել

Ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը ժամ առ ժամ աճում է:

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Դիարբեքիր նահանգ կատարած այցի ժամանակ։

Նրա խոսքով՝ աղետի գոտու բնակիչները կտեղավորվեն բոլոր հանրակացարաններում, որոնք գտնվում են պետության հաշվեկշռում, թուրքական բուհերը կանցնեն լիովին հեռավար ուսուցման։

Նախագահը վստահեցրել է, որ պետությունը մոբիլիզացրել է բոլոր ռեսուրսները աղետի հետևանքները վերացնելու համար։ «Ես կոչ եմ անում քաղաքացիներին վստահել իշխանություններին. մենք ձեզ փորձանքի մեջ չենք թողնի»,- ընդգծել է նախագահը։

Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21 հազար 43-ի, փրկվել է աղետի գոտու 80 հազար 97 բնակիչ։

Խոսելով ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման մասին՝ նախագահն ասել է, որ փրկարարական խմբերը տեղափոխվում են այն շրջաններից, որտեղ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, դեպի առավել տուժած նահանգներ՝ Ղահրամանմարաշ, Հաթայ և Ադիյաման։

Նրա խոսքով՝ աղետի գոտու 10 գավառներում ընդհանուր առմամբ աշխատում է 160 հազար մարդ, այդ թվում՝ արտերկրից ժամանած թիմեր։

Միաժամանակ, թուրքական պետության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները քաջ գիտակցում են, որ չեն կարողանա հատուցել այն «անանուն հերոսներին», ովքեր այսօր աշխատում են աղետի գոտում և չեն ձգտում ինքնագովազդի կամ փառքի։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ աղետի գոտում հարյուր հազարավոր ավերված կամ վնասված շենքեր կվերակառուցվեն, քաղաքները կվերականգնվեն նոր ծրագրերի հիման վրա։

Leave a Reply

Your email address will not be published.