Թուրքական լրատվամիջոցն անդրադարձել է Ադիյաման նահանգում հայ փրկրարների աշխատանքին, որոնք Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո իրենց աջակցությունն են ցուցաբերում, ջանում կյանքեր փրկել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական թիմի անդամ Գարի Արմագանյանը «Անադոլու»-ին պատմել է, որ թիմը Թուրքիա է ժամանել ավերիչ երկրաշարժերից մեկ օր անց՝ ՀՀ կառավարության հանձնարարականով։
Նշվում է, որ հայկական որոնողափրկարարական խումբը շարունակում է իր ջանքերը՝ Թուրքիայի Ադիյաման նահանգում երկրաշարժից հետո կյանքեր փրկելու:
«Թուրք ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս մութ օրերին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը, պատրաստ է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել: Ոչ ես, ոչ մեր թիմի անդամները երբեք նման երկրաշարժ չենք տեսել»,- ասել է նա՝ ցավակցություն հայտնելով թուրք ժողովրդին:
Հայկական թիմը օգտագործում է նաև հատուկ վարժեցված շներ՝ հայտնաբերելու փրկվածներին: Ապա մեջբերվել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառումը.
«Յոթերորդ օրը երկու հրաշք տեղի ունեցավ: Ադիյամանում Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ-ի թիմերի համագործակցության արդյունքում ևս երկու աղջիկ փրկվել է: Համերաշխությունը կյանքեր է փրկում»:
Հոդվածում նաև հիշեցվում է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը վերաբացվել է՝ Հայաստանից մարդասիրական օգնություն փոխադրելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։