Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որին նախորդել էր առանձնազրույցը: Այս մասին ասվում է Չավուշօղլուի թվիթերյան միկրոբլոգում:
Թուրք նախարարն ասել է, որ իրենք պայմանավորվել են արագացնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թելեգրամյան ալիքը:
Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի, ինչը բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում:
Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան բարձր է գնահատում Հայաստանի օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման հարցում:
Հավելենք, որ Արարատ Միրզոյանն այնուհետև կմեկնի ավերիչ երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող հայ փրկարարների հետ: