ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնության ուղարկմանը:
«Ես շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության և աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ հայ փրկարարներին իրենց գործընկերների օգնությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր:
Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ 30 տարի փակ հայ-թուրքական սահմանը բացվեց Ադըյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադըյաման», – ասել է Միրզոյանը:
«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո սա Հայաստանի կողմից այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու երկրրդ դեպքն է: