Առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկանները եկան, տղամարդկանց քաշքշելով մտցրեցին մեքենան տարան: Այս մասին այսօր՝ փետևրվարի 16-ին, ՊՆ նախկին շենքի մոտ լրագրողների պատմեց շենքի բնակիչներից մեկը՝ Ալլա Էվանյանը:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով:
«Մեզ ասացին, որ դուք անօրինական եք բնակվում, տեսա, որ տանս դուռը ջարդած է, ամուսնուս էլ են տարել: Թող թողնեն մեզ, հանգիստ ապրենք: Իմ ամուսինը 15 օր առաջ է իջել պոստերից, երկու աղջիկներս էլ են պոստերում: Ո՞ւմ համար, էս պետության համար, որ մեզ հանի, գցի քուչե՞քը: Ասում է՝ քեզ տեղ կտանք, կապրես: Այսինքն էդ տեղը որտե՞ղ ա, չեն ասել: Մեզ հանել են դուրս, ես էս ցրտին ո՞ւր գնամ: Վարձով էի ապրում, 500 հազար վարձ էի տալիս, հիմա ո՞ւր գնամ: Չեն թողնում, որ մենք մեր իրերը վերցնենք, անգամ փաստաթղթերը: Ես մնալու եմ այստեղ, մինչեւ տեսնեմ ինչ է լինում: Անգամ չգիտեմ՝ ամուսնուս որ բաժին են տարել: Կսպասեմ իրեն, գա, տեսնենք՝ ինչ ենք անում: Մենք Նիկոլ Փաշինյանի համար էդքան պայքարել ենք»:
Դեռևս այս տարվա ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։