«Համերի» վարորդը գնդապետի՝ աշխատանքից հեռացման պատճա՞ռ

«Համերի» վարորդը գնդապետի՝ աշխատանքից հեռացման պատճա՞ռ

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և  ուղարկվել կադրերի ռեզերվ։

Արդյո՞ք գնդապետի՝ աշխատանքից հեռացումը կապ ունի օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրած «Համերի» միջադեպի հետ։

Հիշեցնենք, որ Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել էր Աբովյան փողոցում, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել էր հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել էր պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաների։

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով ոստիկանության ծառայողների կողմից գործադրվել էր հրազեն՝ անվադողերի ուղղությամբ:

Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի:

Ոսռիկանները պարզել էին, որ «Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ 1997 թվականին ծնված Գեղամ Սահրադյանն է։

Նա հայտնաբերվել էր Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։

Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:

Մեքենան տեղափոխվել էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք և նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Նշենք,  որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։

Շատ էին քննադատական մեկնաբանությունները և բացասական արձագանքները՝ ուղղված պարեկների եւ ոստիկանների  ոչ պրոֆեսիոնալ գործողություններին։

Եվ հենց այս դեպքից օրեր անց զբաղեցրած պաշտոնից ազատվում է Ոստիկանության գնդապետը։

Կան տեղեկություններ, որ առաջիկայում սպասվում են մի շարք պաշտոնանկություններ, որոնց հրամանները ստորագրելու է գեներալ-մայոր Վ․ Ղազարյանը։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.