Աշխատանքի արտադրողականությունը խթանելու, մարդկային կապիտալը զարգացնելու և արտահանման ու վաճառվի ծավալներն ավելացնելու նպատակով 14 մլրդ դրամ հատկացվեց տեքստիլ արդյունաբերության ոլորտին։ Տեքստիլ արդյուանբերության զարգացման 4 տարվա ծրագիրը Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ։
Աջակցությունը տրվելու է չորս հիմնական մեխանիզմներով՝ համաֆինանսավորմամբ, վճարված հարկերի հետվերադարձով, սուբսիդիայով (ֆինանսավորման ամենամեծ ծավալով) և ուղղակի ֆինանսավորմամբ։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ ոլորտի զարգացման համար նեդրվելիք գումարից ավելին հարկային մուտքերի տեսքով վերադարձվելու է պետբյուջե։
«Նախանշվել է 3 հիմնական առանցք։ Առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է և հմտությունների մեծացումը, այստեղ բավականին մեծ գումար ունենք նախատեսած հենց կրթական ծրագրերի։ Երկրորդ կարևոր առանցքը դա արտադական կարողությունների զարգացումն ու օպտիմալացումն է։ Երրորդ առանցքն էլ արտահանմանն ու վաճառքներին միտված ծրագրերն են»,- ասաց նա։
Գևորգյանը վստահեցնում է՝ ոլորտը նաև արտահանման մեծ ներուժ ունի։ Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40%։
«Ծրագրի իրականացման արդյունքում արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1․8 անգամ»,- նշեց փոխնախարարը: