Իրանում տեղի ունեցող իրադարձությունների, Իրանի կողմից սպասվող պատասխան հարձակման, Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունների և հետագա լարվածություների վերաբերյալ հարցերի մասին կարծիք ունենալու նպատակով Bac TV-ին զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:
Իրանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, որ Սպահանի վրա հարձակումը անպատասխան չի մնա: Ձեր կարծիքով ուղիղ սպառնալիք է թե ոչ, և ու՞մ է ուղված այս սպառնալիքը:
Իրականության մեջ իրանցիները երբեք շատ հստակ չեն նշում, թե որտեղ է տեղի ունենալու պատասխան գործողությունը և ինչ ժամանակում, բայց ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ թշնամական որևէ իրականացված գործողություն իրանցիները անպատասխան չեն թողնում, այս դեպքում պետք է ակնկալել մերձավոր արևելքի ողջ տարածքը: Իրանը պաշտոնապես չի հայտարարել թե ով է Սպահանի վրա իրականացրել անօդաչուներով այդ փոքրիկ հարձակումը, կոնկրետ հասցեատեր չկա, բայց պետք է ենթադրել, որ խոսքը գնում է Իսրայելի և նրա դաշնակիցների մասին, սակայն սա միայն վարկած է, և գիտենք որ պաշտոնապես չկա որևէ հայտարարություն կոնկրետ իրանական կողմից, այսօր վարկածները տարբեր են:
Իրանի հետ տեղի ունեցող իրադարձությունները կարո՞ղ են սպառնալիք ներկայացնել Հայաստանի համար:
Ընդհանուր առմամբ աշխարհը գտնվում է բաժանման մի եզրին և գործող աշխարհակարգը փոփոխվում է: Գործընթացները վերաբերվում են նաև մերձավոր արևելքին, հետևաբար, ստեղծված իրավիճակը իր մեջ պարունակում է թե՛ սպառնալիքներ, թե՛ մարտահրավերներ: Ակնհայտ է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածության մթնոլորտը չի կարող ձեռնտու լինել Հայաստանին , որովհետև Իրանը ապահովում է ՀՀ-ի անվտանգության շատ կարևոր բաղադրիչ, հատկապես, երբ խոսքր վերաբերում է Սյունիքին և Զանգեզուրյան միջանցքին, որը իրականում թուրանական միջանցք է: Հետևաբար, որքան Իրանը զբաղված լինի այն խնդիրներով, այնքան պակաս ռեսուրսներ կունենա շուտ արձագանքելու Ադրբեջանական կողմից պարբերաբար հնչեցվող ՀՀ-ի նկատմամբ հավակնությունների կանխարգելմանը, այս հանգամանքը հաշվի առնելով կան որոշակի ռիսկեր ու մարտահրավերներ, ինչպես նաև հնարավորություններ և դրանք պետք է օգտագործել, իսկ մարտահրավերները և ռիսկերը փորձել կարավարել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, այլ Հայաստանի: Ի՞նչ ենթատեքստ ունի սա և կարո՞ղ է նոր լարվածություն ստեղծել Հայաստանի համար:
Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները եղբայրական են, և սա այն հազվադեպ դեպքերից է, երբ Բաքվի բռնապետական պաշտոնիայի ասածը իրականության հետ համապատասխանում է: Մենք պետք է խորացնենք Իրանի հետ հարաբերությունները, պահելով մեր անվտանգային ճարտարապետությունը այս փոփոխությունների ընթացքում, իսկ այդ ճարտարապետությունը փոխվել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Այս համատեքստում Իրանի հետ պետք է ձևավորել խորը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ: Ըստ էության հիմքի վրա, որ մեր երկու պետությունները և ժողովուրդները միևնույն հինավուրց քաղաքակրթության կրողներն են, որն ունի հազարամյակների պատմություն, ի հակադրություն թուրք-ադրբեջանական դաշինքի, որը իր էությամբ բարբարոսական է, ագրեսիվ և չունի որևէ պատմական արմատներ մեր պատմական տարածաշրջանում:
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ավելի մեծ գրոհներ էր պատրաստում, երբ հարձակվեց Հայաստանի վրա նախորդ տարվա սեպտեմբերին: Իրանի գործողությունները և հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:
Իրանական ներկայությունը և Իրանի կողմից վարվող քաղաքականությունը հարավային Կովկասում զսպող դերակատարություն ունի թուրք-ադրբեջանական դաշինքի համար, նաև սեպտեմբերյան այդ կարճատես պատերազմի ընթացքում էլ իրանական դիրքորոշումները և Իրանի գործողությունները լրջագույն դերակատարություն ունեցան թուրք-ադրբեջանական դաշինքի ախորժակը զսպելու համար, հետևաբար, բոլոր հնարավոր մակարդակներում պետք է խորացնել մեր հարաբերությունները Իրանի հետ:
Հարցազրույցը վարեց՝ Սվետա Վարդանյանը