Փետրվարի 23-ին հարսանեկան արարողությունից հետո ռեստորանի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով կալանավորվել է մեկ անձ։
NEWS.am-ը հայտնում է ,որ Երեւան քաղաքի 26-ամյա բնակիչը փետրվարի 23–ին, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիեւյան փողոցում գործող ռեստորաններից մեկում մասնակցել է հարսանեկան արարողության: Նրանք ժամը 23:15-ի սահմաններում դուրս են եկել ռեստորանից եւ նստել 26-ամյա տղամարդու կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո վերջինիս 27-ամյա ընկերը ավտոմեքենայի ապակին իջեցնելով անծանոթ անձից պահանջել է կրակայրիչ:
Այնուհետեւ երկուսով գտնվելով ալկոհոլային արբածության վիճակում, իջել են ավտոմեքենայից եւ առանց որեւէ առիթի վիճաբանել դրսում հավաքված մի խումբ անձանց հետ:
Այդ ընթացքում 27-ամյա տղամարդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, քաշքշել եւ հարվածներ է հասցրել հավաքված մի խումբ անձանց, իսկ 26-ամյա տղամարդը, նստելով իր կողմից շահագործվող հիշյալ ավտոմեքենան, այն անկանոն վարելով հարվածել է փողոցում կայանված «Մերսեդես» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին՝ պատճառելով գույքային վնաս: Շարունակելով իր հանցավոր գործողությունները վերջինս ավտոմեքենայով հարվածել է 2 քաղաքացիների՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո իր մոտ պահվող գազային ատրճանակով անկանոն կրակ է արձակել՝ նշված վայրում գտնվող անձանց մոտ ստեղծելով վախի եւ տագնապի զգացում:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են վնասված եւ վթարված վիճակում գտնվող հիշյալ երկու ավտոմեքենաները, ինչպես նաեւ հայտնաբերվել է մեկ հատ չկրակված փամփուշտ։
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչի կողմից Երեւան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս 27-ամյա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: