ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը

Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 27-ի նիստում ներկայացնելով «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, 22-ը ձեռնպահ են մնացել։ Համաձայնագիրը սահմանում է համագործակցության հիմնական ոլորտները, մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգությանը սպառնացող վտանգներին հակազդելու համակարգումը, իրավապահ դաշտում տեղեկատվության փոխանակումը և այլն։

Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, ներառյալ` սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:

Գևորգ Մանթաշյանի ներկայացմամբ՝ կողմերը տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում մի շարք ուղղություններով: Մասնավորապես, կարևորվել է տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը և իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, տեղեկացնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին, առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Leave a Reply

Your email address will not be published.