Կառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ ներդրումային ծրագրի տարածքը 4400 հա է և ընդգրկելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերը։
«Ստեղծվելու է նոր գյուղ` 300 մինի ֆերմաներով, դրանց կից հյուրատներով։ Այնտեղ կկառուցվի նաև 3 մլն խմ տարողությամբ ջրամբար, որպեսզի գյուղատնտեսական համալիրն ունենա ջրի հասանելիություն»,– ասաց Քերոբյանը։
Լեռնադահուկային համալիրն ունենալու է ճոպանուղային 5 գիծ, 30 կիլոմետրանոց սահուղիներ, հյուրանոցներ։ Ծրագրի ընդհանուր ներդրումային ծավալը կազմելու է 190 մլն դոլար։