Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավել եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը: 2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում:Այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«2022 թվականն աննախադեպ է եղել պետական բյուջեի եկամուտների մասով: ՀՀ պատմության մեջ աննախադեպ՝ մոտ 2 տրլն դրամի չափ եկամուտներ են հավաքագրվել: Այդ 2 տրլն-ի մոտ 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը, այսինքն՝ հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետական բյուջե»,-ասաց Ջհանյանը:
«Հիմա դրամի կուրսը մոտ 20-30 տոկոսով ավելին է, քան 2022-ի սկզբին էր: Ոլորտում բոլորն էլ արտահանող կազմակերպություններ են, շատ ծանր դրությամբ մեջ են հայտնվել: Կազմակերպությունների ծախսերը դրամային են, իսկ հասույթը՝ դոլարով: Եվ այսօր ոլորտի արտահանող շատ կազմակերպություններ վնասով են աշխատում»,-ասաց Ջհանյանը:
Սակայն նա կողմ չէ, որ Կենտրոնական բանկն այս հարցում միջամտություն ունի: Միությունը մի քանի առաջարկներ է ներկայացրել կառավարությանը: Առաջարկվել է կազմակերպությունների համար հարկային բեռը թեթևացնել կամ գոնե հարկային վճարումները հետաձգել:
Ոլորտում նախորդ տարի եղել են նաև խնդիրներ, որոնք այս տարի արդեն չկան: Նա նշեց արտահանման տուրքի մասին, որ ոլորտի շատ կազմակերպություններ վճարում էին: Ջհանյանի կարծիքով՝ դա տնտեսապես հիմնավոր չէր: «Երկրորդ խնդիրն այն էր, որ նախորդ տարվա երկրորդ կիսամյակում ունեինք հիմնական մետաղների գների՝ պղնձի, ոսկու գների անկում: Բայց այսօրվա դրությամբ տուրքն արդեն չի գործում, իսկ մետաղների գները վերականգնվել են»,-ասաց Ջհանյանը:
Հայաստանում ոլորտն ունի հիմնական երկու արտադրատեսակ՝ պղնձի կոնցենտրատը, որը նաև ոսկի է պարունակում և ֆերոմոլիբդենը: Ֆերոմոլիբդենի համար արտահանման հիմնական շուկան միշտ եղել է եվրոպական շուկան, մի փոքր մասը գնացել է Ռուսաստան, իսկ պղնձի կոնցենտրատի համար հիմնական շուկան միշտ եղել է Չինաստանը:
Ոլորտի երկրորդ խոշոր արտադրող Թեղուտի հանքը նախորդ տարվա փետրվար, մարտ ամսից արտահանում չի իրականացրել: Սակայն Ջհանյանը վստահեցնում է, որ ոլորտի մյուս բոլոր արտահանողները աճ են գրանցել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ 20 տոկոսով ավելի շատ արտադրանք է տվել ու արտահանել: Արտադրողականությունը բարձրացել է, աճը եղել է այն լիցենզիայի սահմաններում, որն ունի կոմբինատը: