Զինծառայողներին կարգելվի սմարթֆոն օգտագործել, հավաքներին զինվորական համազգեստով մասնակցել

Զինծառայողներին կարգելվի սմարթֆոն օգտագործել, հավաքներին զինվորական համազգեստով մասնակցել

Զինվորական հագուստն ապօրինի կերպով կրողը վարչական պատասխանատվության կենթարկվի։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտնեց, որ փոփոխություններով սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները։ Ըստ այդմ, նախատեսվում է ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5-30 տոկոսի չափով` 1-3 ամիս ժամկետով։ Բացի այդ, կարգապահական իրավախախտումների տեսակները լրացվում են ևս երկու հոդվածներով` զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավար հրամանով սահմանված դեպքերի։ Սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը»,–ասաց Սարգսյանը։

Leave a Reply

Your email address will not be published.