Պարոն վարչապետը ստեղից ոտը քաշեց, 3 հազար ոստիկան դեմ տվեց մեզի. Հանել են դուրս, գիշերը էստեղ պակռիշկա ենք վառել, որ մանուկ երեխեքը չսառեն մեռնեն դրսում: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին նշեց ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիներից մեկը:
«Մի հոգու համար էսքան ընտանիք հանել, թափել են դուրս: Իրենք գիտեն, թե շահելո՞ւ են: Սարքեն էլ, կտրաքացնեմ, չեմ թողնի վայելեն, որովհետեւ ստեղից մենք սպարապետ ենք տվել, պատերազմ ենք կրել, իսկ էսօր ոտնատակ են տալիս բոլորին»,-ասաց նա:
Բնակիչներն ասացին, որ մինչեւ վերջ մնալու են այստեղ, քանի որ տեղ չունեն գնալու: «Իմ ընտանիքը 11 հոգուց է բաղկացած, ինչ հանրակացարանում որտեղ տեղ կտան: Ես Արցախի բնակիչ եմ, ամսական 40 հազար դրամ էին հատկացնում, դա էլ կտրեցին, ինչ է, թե էստեղ ենք բնակվում: 10 մլն դրամի սերտիֆիկատ են տվել, որը տուալետի թուղթ է, որ բանկ մտնում ենք, ասում են՝ տենց բան չկա, ոչ մեկին ոչ մի կոպեկ չեն տալիս: Բանկն իր 1,2 մլն դրամը պահում է, 700 հազար իր տոկոսն է պահում, 500 հազար կանխավճար է ուզում ինձնից, տակը մնում է կոպեկներ, ես դրանով որտե՞ղ տուն առնեմ, հավաբուն չեմ կարող առնել: Ես սա նվիրում եմ Փաշինյանին, թող գա վեկալի: Փաշինյանն էսօր գնացել է Գերմանիա, որ հարցեր լուծի, որ պատերազմ չսկսվի, բայց ինքը ներսում է պատերազմ անում, թուրքի պլաններն է իրագործում, առանց պատերազմի գենոցիդ է անում»,-ասաց բնակիչը:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքում արդեն երկար ժամանակ տեղավորվել են եւ բնակվում են քաղաքացիներ՝ իրենց ընտանիքներով: Փետրվարի 16-ի առավոտյան հարյուրավոր ոստիկաններ են եկել եւ բերման են ենթարկել բնակիչներից մի քանիսին: Ոստիկանները դուրս են հանել բնակիչներին, որոնք մնացել են դրսում: Նրանք գիշերն անցկացրել են ՊՆ նախկին շենքի մոտ:
Երեկ առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։