Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ է հայտնել դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունից:
Նա նիստից առաջ հայտարարեց, որ դեռեւս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:
Խորհուրդը որոշեց բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։