Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Զինված ուժերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստում հրատապ քննարկում է նախաձեռնել՝ ակնկալելով, որ դրան կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այնպիսի խայտառակ փաստեր կներկայացնենք համապատասխան ատյաններին, որ մեր աչքով ենք տեսել, որը ամենօրյա մեր աշխատանքով արձանագրել ենք», – նշել է խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը, ով հրատապ քննարկմանը հանդես է գալու որպես հիմնական զեկուցող:
Նա նշում է, որ Զինված ուժերում խայտառակ բացթողումների մասին պետք է պարզաբանումներ ստանան հենց պաշտպանության նախարարից. «Կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հարցում, որոնց շուրջ պետք է խոսվի, որոնց շուրջ պետք է պաշտպանության նախարարի առջև հստակ պահանջներ դրվեն»: