44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները գիշերել են քննչական կոմիտեի առջև. երեկ երեկոյից փակ է նաև Մամիկոնյանց փողոցը։
Սպուտնիկ Արմենիա-ն հայտնել էր որ երեկվանից ծնողները ՔԿ–ի առջև 24 ժամով նստացույց են սկսել։ Նրանք պահանջում են, որ պատժեն 2022-ի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից իրենց բերման ենթարկած ոստիկաններին։ Անկախության օրը զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոն էին գնացել, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները ծնողների մի մասին բերման էին ենթարկել։ Դեպքով քրգործ էր հարուցվել։
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հիմնական պատճառը ՔԿգալու այն է, որ տեղեկություններ իմանան քրեական գործի մասին։
«Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք չենք գալիս ՔԿ, գործն ամբողջովին «քնեցնում են»։ Միայն մեր բողոքից հետո էին ոստիկաններին կանչում հարցաքննության, առերեսումներ էին կազմակերպում»,–ասաց նա։