ՀՀ կառավարությունը սկսում է զինծառայողների ատեստավորման գործընթաց. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ատեստավորման արդյունքում, կախված պաշտոնից, կոչումից և հաստիքից, միջին օղակի զինծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ տեղեկացրեց, որ մարտական հերթապահություն իրացնող զինծառայողների 211 հազար դրամ աշխատավարձը սահմանվել է 422 հազար դրամ։
«Ըստ էության, հանձնարարությունը կատարված է»,- հայտնեց Պապիկյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ քաղաքացիները պետք է համոզված լինեն՝ եթե որևէ մեկը կրում է զինվորական համազգեստ, ուրեմն նա համապատասխանում է կոնկրետ չափանիշների։
Փաշինյանի խոսքով՝ ատեստավորման գործընթացում կներգրավվեն նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, խորհրդարանական գործընկերներ՝ վստահ լինելու համար, որ սահմանված որակական չափանիշները պահպանվում են։
«Քանի որ առողջապահության ապահովագրության համակարգ ենք ներդնում, որոշում ենք կայացրել, որ կրկնապատկվող աշխատավարձի որոշակի մասը, ըստ նախնական հաշվարկների՝ 20-25 հազար դրամ, կդեպոնացվի և կհատկացվի առողջապահության ապահովագրության համար, ինչը ևս կարևոր որոշում է»,–ասաց նա։
Ըստ վարչապետի՝ սա ևս մեկ ինստիտուցիոնալ բարեփոխում է։