ՀՀ կառավարությունն որոշել է փակել «Մալաթիա տոնավաճառ»-ը հակահրդեհային անվտանգության պայմանները չբավարարելու պատճառաբանությամբ, ինչի հետևանքով իրենց տնտեսական գործունեությունն են դադարեցնելու մոտ 600 տնտեսվարողներ՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ նշել է. «Փոքր և միջին բիզնեսը ոչ միայն նպաստում է երկրի տնտեսության ճկունությանը, այլ նաև հանդիսանում է միջին խավ ձևավորման հիմնական մեխանիզմներից մեկը։ Նախկին և գործող իշխանությունների կողմից իրականացվող անհեռատես և ծայրահեղ ազատական քաղաքականության արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունը գերմոնոպոլացվում է։ Հետևաբար, «Մալաթիա տոնավաճառ»-ի փակվելու հետևանքով մանրածախ առևտուրն էլ ավելի կմոնոպոլացվի, որից տուժելու են նաև սպառողներն և արտադրողները, քանի որ խոշոր սուպերմարկետներն և մոլերը, օգտվելով իրենց շուկայական իշխանությունից, բարձր գներ և կամայական պայմաններ են պարտադրելու բոլորին»։
Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառը, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է: