Լրագրող Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Արցախից հաճախ եմ իմանում, որ տալոններով վաճառվող ապրանքի գները հիմնականում նույն են մնացել, բայց զգալի թանկացել են մի շարք այլ ապրանքների գները, շատ առևտրականներ փորձում են օգտվել շրջափակումից ու գերշահույթ ստանալ։ Ես հասկանում եմ, որ մարդու ագահությունը սահմաններ չի ճանաչում, և որքան շատ է ուտում, այնքան ախորժակը ավելի է բացվում։ Արցախի պարագայում, սակայն, չեմ կարողանում մի բան հասկանալ։ Խոսքս ուղղեմ այն անձանց, որոնց ձեռքի տակ թանկանում են ներմուծվող ապրանքները․ Ախր դուք էլ եք շրջափակման մեջ, ադրբեջանցիների ստեղծած վտանգը ձեզ ու ձեր ընտանիքներին էլ է սպառնում։ Հիմա որ օգտվում եք այս վիճակից ու ձեր ձեռքն ընկած ամեն ապրանք մի քանի անգամ թանկ վաճառում։ Գիտեք, որ ձեր կողքին ապրող Արցախցին այլ տարբերակ չունի, ուզի-չուզի, պիտի առնի։ Լավ, մի քանի հազար դոլար այս շրջափակման ժամանակ ավելի աշխատեցիք։ Այլ կերպ՝ լափեցիք։ Հետո՞։ Մի պահ նայեք հայելու մեջ։ Չե՞ք զզվում ձեզնից։ Գոնե հասկանում ե՞ք, որ ձեր անբարոյական այս արարքի համար պատասխան են տալիս ձեր ծնողներն ու երեխաները, մինչև հերթը հասնի Աստծո առաջ ձեր պատասխան տալուն։ Լավ նայեք հայելու մեջ ու գուցե ադրբեջանցու դիմագծեր տեսնեք։ Ասենք ինչո՞վ են տարբերվում Արցախցու ճանապարհը, գազը, էլեկտրականությունը փակած ադրբեջանցին ու Արցախում կենսական անհրաժեշտության սնունդը մի քանի անգամ թանկ վաճառող հայը։