Զինվորական կացարանի հրդեհի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել վաշտի հրամանատարի նկատմամբ

Զինվորական կացարանի հրդեհի դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել վաշտի հրամանատարի նկատմամբ

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը,  հետևել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով և միջոցներով, կազմակերպել և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:

Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Reply

Your email address will not be published.