Չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին Նոր Զելանդիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Geonet ծառայությունը:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պարապարաումու քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 57 կիլոմետր խորության վրա է։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների, տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Հիշեցնենք, որ օրերս Նոր Զելանդիայում արտակարգ դրություն էր հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի բնութագրմամբ՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում:
Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հյուսիս-արևմտյան ափին գտնվող Մուրիվայ բնակավայրում մի քանի սողանքներ են տեղի ունեցել՝ ավերելով ճանապարհներ և շենքեր: Անհետ կորել է մեկ հրշեջ, ևս մեկը ծանր վիրավորվել է:
Օքլենդում բազմաթիվ տներ կանգնած են մնացել սողանքի եզրին: Հեղեղները քշել-տարել են կամուրջներ: Ափամերձ շրջաններում գտնվող մի քանի քաղաքներից բնակիչները տարհանվել են: Հարյուր հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության: