Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«Ձմեռ պապիկ միջազգային հանրությունը…
Այս շրջանում հաճախակի հիշում եմ մեր ավագ աղջկա՝ Նանեի նախամանորյա պատասխանը Արմինեին:
Երբ Ամանորից առաջ Ձմեռ պապիկին նամակ էին պատրաստում և Արմինեն առաջարկեց Նանեին, որ նամակում գրվի ճանապարհը բացելու ցանկության մասին, Նանեն ասաց.
– Մամ, բայց Ձմեռ պապիկը չի կարող ճանապարհ բացել, ինքը մենակ նվերներ ա բերում, ճանապարհը մենք պիտի բացենք…
Ձմեռ պապիկի այս մանկական իմաստուն մեկնաբանությունը մեծապես վերաբերելի է միջազգային հանրությանը և դրանից մեր ակնկալիքներին:
Ոքան էլ ես տարիներ շարունակ ընդգրկված եմ միջազգային հանրությանն ուղղված կոչերում, հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական ջանքերում, բայց ես էլ լավ գիտակցում եմ, որ մեր խնդիրների լուծումը հենց մենք պետք է տանք:
Իսկ այդ ճանապարհին միջազգային գործիքակազմերը պարզապես լրացուցիչ աջակցող միջոցներ են, որոնց կիրառումն էլ պետք է լինի իրական շահերի ու լծակների, ոչ թե մեծապես լոկ շղարշային փաստարկների համար օգտագործվող արժեքների ու իրավունքների հիման վրա:
Առանց շահերի ու լծակների ամուր համակարգի՝ միջազգային հանրությունը պարզապես նվերներ բերող ու գեղեցիկ բարեմաղթանքներ շռայլող Ձմեռ պապիկ է…»։